«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին: Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում»՝ նշել է ԲՀԿ խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեկնաբանության մեջ։ «Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ ԲՀԿ-ն լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ դժգոհությունների ողջ ծավալին: Մենք առաջ ենք շարժվում սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով, որպես հիմնական նպատակ ունենալով երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումը, ժողովրդի բարեկեցության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության ուժեղացումը:
Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովրդական պայքարում:
Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի:
Մենք կարևորում ենք նաև հզոր զանգվածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են, և որտեղ ժողովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ:
Համաժողովրդական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մեջ կասկած չի կարող հարուցել»,- ասվում է մեկնաբանությունում: